Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը վկայում է Հայաստանի հավատարմության մասին միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Յուրաքանչյուր միացում մեզ ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամենածանր հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալուն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա:
Ավելի վաղ ՄՔԴ-ն հայտնել էր, որ Հայաստանը կմիանա կառույցին 2024 թվականի փետրվարի 1-ին։
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտը, որը Հայաստանը ստորագրել էր դեռևս 1998 թվականին։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը հոկտեմբերի 14-ին ստորագրել էր կանոնադրությունը վավերացնող օրենքը։
Ավելի վաղ դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում էր կայացրել։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ոչ բարեկամական քայլ» էր անվանել Ռուսաստանի նախագահի նկատմամբ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան Երևանի այս քայլը համարում է ոչ ճիշտ որոշում երկկողմ հարաբերությունների համար։