Երևանում հրեական կրոնական հաստատության դռները օտարերկրացու կողմից հրկիզվել և տեսանկարահանվել է առերևույթ ազգային, կրոնական թշնամանք հարուցելու նպատակով, նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
ՔԿ-ի կողմից ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերը նկարագրված գործողությունները կատարողը ՀՀ-ում չբնակվող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձ է, որը, ըստ ստացված տվյալների, վերոնշյալ հանցավոր արարքը կատարվելուց անմիջապես հետո լքել է ՀՀ տարածքը։
Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վերջինիս կողմից այդ հանցավոր արարքները տեսանկարահանվել են։ Տեսագրության զննությամբ, ինչպես նաև այլ փաստական հանգամանքներով պարզվել է, որ վերջինս ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքները ոչնչացնելու կամ վնասելու եղանակով կատարել է առերևույթ հանցագործություն, նշված տեսագրությունները տեղադրվել և տարածվել են տելեգրամյան ադրբեջանական կայքում, ինչպես նաև նույն տեսագրությունը հրապակվել է «X» սոցիալական հարթակում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի (ռասայական, ազգային, էթնիկական կամ կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքներ, այդ թվում՝ կրոնական կամ ծիսական նշանակության շենքեր կամ շինություններ ոչնչացնելը կամ վնասելը՝ պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով) հատկանիշներով, նշված վարույթն ուղարկվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով։