Հայաստանում երկու քաղաքացի է ձերբակալվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու գործով, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ քրեական հեղինակություն հանդիսացող Հ․Ս-ն ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում։ Հ․Ս-ի կողմից ստեղծված և ղեկավարված քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցել է Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված Գ․Ա-ն, ով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով, ձեռնամուխ է եղել անօրինական գործողությունների միջոցով մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելուն և անօրինական օգուտ ստանալուն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Հ․Ս-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը և ղեկավարելը), Գ․Ա-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նշվում է, որ վերոնշյալ գործի շրջանակներում Հ․Ս-ի հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Սպիտակ համայնքի բնակիչ Մ․Դ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով «Տրիհեքսիֆենիդիլ» հոգեմետ նյութ պարունակող 48 հատ հաբ, որից հետո վերջինս ձերբակալվել է։
«Մ․Դ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը և պահելը) և 396-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց իրացնելու նպատակի ապօրինի կերպով խոշոր չափերով հոգեմետ նյութ ձեռք բերելու և պահելու համար)։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել դատարան՝ Մ․Դ-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։