Այսօրվանից Տաթևիկ Վիրաբյանի տնային կալանքի շրջանն է սկսվում, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Նա հստակեցրել է, որ արգելված է իր պաշտպանյալի հաղորդակցությունն այլ անձանց հետ և հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս Վիրաբյանը կազատվի նաև տնային կալանքից:
Նոյեմբերի 6-ին դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառել էր տնային կալանք:
Նոյեմբերի 4-ին փաստաբանը հայտնել էր, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության 6 կին պատգամավոր Տաթև Վիրաբյանի համար երաշխավորություններ էին տվել։
Նոյեմբերի 1-ին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, պատասխանելով Տաթևիկ Վիրաբյանին կալանավորելու դատարանի որոշման մասին հարցին, վստահեցրել էր, որ ՀՀ դատական համակարգն անկախ է, դատավորների նկատմամբ գործադիրը որևէ ներգործություն չունի:
Տաթևիկ Վիրաբյանն Արցախից էր, պատերազմում զոհվել է նրա եղբայրը՝ Գևորգ Վիրաբյանը։ Ունի երկու անչափահաս երեխա, որոնց հիմա խնամում է տատը։ Նա բերման էր ենթարկվել սեպտեմբերի 19-ին՝ Երևանի կենտրոնում հանուն Արցախի պաշտպանության տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Իրավապահները հիմնավորում էին, որ նա չի ենթարկվել ոստիկանների պահանջին, մասնակցել է զանգվածային անկարգություններին, սոցցանցերում բռնության կոչեր է հնչեցրել։