Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից կատարված խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 12 անձի, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
ՔԿ փոխանցմամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա․ Մ․-ն 2023թ․ նոյեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում, մի խումբ անձանց հետ, վիճաբանել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի՝ Վ․Ա․-ի և վերջինիս՝ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ կողմնակիցների հետ։ Վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, խախտել մարդկանց անդորրը և խոչընդոտել տրանսպորտային միջոցների բնականոն երթևեկությունը:
Նշվում է, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա․ Մ․–ի և մյուս 11 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։
Նոյեմբերի 17-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ վիճաբանության մասնակիցներն են եղել Վիտալի Ավդիանին և Արսեն Մկրտչյանը (հայտնի է «Արսեն Երևանսկի» մականունով), ովքեր «օրենքով գողեր» են։