2022-ի մայիսի 9-ին Դեբեդ գետում հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացվել ռաֆթինգ կազմակերպած ընկերության տնօրենին, հայտնում են ՔԿ-ից։
ՔԿ-ն քննությամբ տվյալներ է ձեռք բերել, այդ թվում` նշանակված փորձաքննության ստացված եզրակացությամբ, որ ռաֆթինգի ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, հանդիսանալով հրահանգավորումների անցկացման և մասնակիցների անվտանգությունն ապահովող պատասխանատու անձ, խախտել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի՝ 2016 թվականի նոյեմբերի 11֊ին թիվ 71-Լ հրամանով հաստատված ԳՕՍՏ 12.0.004-2015՝ «Աշխատանքի անվտանգության ուսուցում: Ընդհանուր դրույթներ» միջպետական ստանդարտի համապատասխան պահանջները:
«Մասնավորապես՝ Դեբեդ գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպել է ռաֆթինգի /գետով փչովի ռետինե նավակի նավարկում/ ծառայություն, որպես ռաֆթի թիմի անդամներ՝ ներգրավել է սիրողական անձնակազմ, սահմանված կարգով չի նշանակել պատասխանատու անձ՝ հրահանգիչ։ Արմինե Ճաղարյանին նավարկելուց առաջ ռաֆթինգի անվտանգության հրահանգների պահանջներին առնչվող հարցերով սահմանված կարգով գրավոր ուսուցում և հրահանգավորումներ չի անցկացրել, ռաֆթից օգտվելու հրահանգների պահանջների վերաբերյալ անվտանգության գծով գիտելիքների ստուգում և հրահանգավորում չի կատարել»,- հայտնել են ՔԿ-ից։
Տեղեկացնում են, որ վերոնշյալի հետևանքով 2022թ. մայիսի 9-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Դեբեդ գետի Քոբայր-Սանահին կայարան հատվածի 3-րդ կիլոմետրում նավարկելու ընթացքում քարին հարվածելու հետևանքով փչովի ռետինե նավակը շրջվել է ու այնտեղ գտնվող Արմինե Ճաղարյանն ընկել է գետը:
«Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ տուժողի մահվան պատճառ է հանդիսացել շնչառական ուղիները հեղուկով փակվելու՝ ջրահեղձման հետևանքով մեխանիկական շնչահեղձությունը»,- հավելել են ՔԿ-ից։
ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առավելագույն պատիժը՝ վեց տարի ժամկետով ազատազրկում):
2022-ի մայիսին ՀՀ գլխավոր դատախազությունից Armenia Today-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ։
«Շանթ» հեռուստաընկերության «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը դժբախտ պատահարի զոհ էր դարձել Դեբետ գետում ռաֆթինգի մասին հաղորդում նկարելիս։ Նա ընկել էր վարարած գետը, ևս 6 մարդ է եղել նավակում։ Բոլորը, բացի Ճաղարյանից, փրկվել էին։ Ռաֆթինգը կազմակերպել էր «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերությունը։