Վարորդական վկայականի համար դիմած շուրջ 3 տասնյակ քաղաքացիներից ՃՈ տեսուչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ վարույթով ձերբակալվել է 15 անձ, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Գ. Հ.-ի օժանդակությամբ, վարորդական վկայական ստանալու համար դիմած բազմաթիվ անձանցից պարբերաբար ստացել է տարբեր չափերի կաշառք: Ընդ որում՝ կաշառքի գումարի չափը յուրաքանչյուր անձի վարորդական իրավունք տրամադրելու դեպքում կազմել է 380.000-ից 500.000 ՀՀ դրամ: Մասնավորապես՝ 2023թ. օգոստոսի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ Գ. Հ.-ի օժանդակությամբ, ՃՈ տեսուչ Վ. Հ.-ն վարորդական վկայական ստանալու համար դիմած շուրջ 3 տասնյակ քաղաքացիներից ձևականորեն ընդունել է տեսական և գործնական քննություններ, վերջիններիս հուշել ինչպես տեսական գիտելիքների ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, այնպես էլ գործնական քննության ընթացքում պահանջվող գործողությունները և դրական գնահատել բավարար գիտելիքներ չունեցող վարորդի թեկնածուներին, որի դիմաց վերջիններից ստացել է տարբեր չափերի կաշառք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 15 անձ, այդ թվում՝ կաշառք ստացած Ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձը՝ Վ. Հ.-ն ու վերջինիս օժանդակած անձը ձերբակալվել են:
«ՃՈ տեսուչ Վ. Հ.-ին և վերջինիս օժանդակած Գ. Հ.-ին (ՀՀ ՔՕ 46-րդ հոդված՝ հանցակից) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով(կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար, պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով): ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վ. Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»,- ասված է հաղորդագրության մեջ: