Առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքեր է բացահայտվել Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի մատակարարմամբ զբաղվող ընկերություններում, հայտնել է ԱԱԾ-ն։
«ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» և «ՖՈՏՈՆ» ընկերությունների սեփականատեր Յ.Ա-ն վարորդ-առաքիչ Պ.Մ-ի հետ ուռճացված տվյալներով կազմված կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հափշտակել են չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված առանձնապես խոշոր չափերով գումարներ։
Գործընթացում ներգրավված են եղել «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» ընկերության աշխատակիցներ Կ.Մ-ն, Ն.Հ-ն, Ն.Ն-ն, Ս.Ս-ն, Ռ.Մ-ն, մսամթերքի տեսակավորման և բաշխման գործընթացում ներգրավված Գ.Ս-ն, Ա.Ա-ն։
Հանցավոր խմբի 9 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Նրանց մի մասը խոստովանական ցուցմունքներ են տվել, հինգի նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:
Խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, աշխատավայրերում, ավտոմեքենայում, ընդհանուր՝ շուրջ չորս տասնյակ հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր, շուրջ 22 մլն ՀՀ դրամ գումար, ոսկյա զարդեր, բջջային հեռախոսներ, համակարգիչներ:
Նախաքննությունը շարունակվում է։