Նոր հանգամանքներ են բացահայտվել նոյեմբերի 17-ին քրեական տարրերի մասնացկությամբ տեղի ունեցած խուլիգանության վարույթով, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը կալանավորվել է, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ.Շ.-ն և վերջինիս ուղևոր, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Արսեն Երևանսկի» մականվամբ Ա.Մ.-ն մի խումբ անձանց հետ, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում, 2023թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, վիճաբանել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Վիտյա Թբիլիսկի» մականվամբ հայտնի Վ.Ա.-ի և նշված ավտոմեքենայի ուղևորներից մեկի հետ։ Դրա ընթացքում վիճաբանության մասնակիցները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, փոխադարձ հարվածներ են հասցրել և հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 24-ին հայտնաբերվել էին միջադեպին մասնակից, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում գտնված երկու անձ, որոնցից մեկը Վ.Ա.-ն էր, մյուսը՝ Մ.Շ.-ն:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Քեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Ա.-ի մասով միջնորդությունը բավարարվել է և նա կալանավորվել է, իսկ Մ.Շ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Նոյեմբերի 17-ին Երևանում տեղի էր ունեցել «օրենքով գողերի» վիճաբանություն, որի առնչությամբ խուլիգանության վարույթով մեղադրանք էր ներկայացվել 12 անձի։