Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել «Տելեգրամ»-ում ստեղծված առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղված երեք անձի նկատմամբ, հայտնել է Գլխավոր դատախազությունը:
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն 2019-2021 թվականներին զբաղվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ` «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» հարթակների միջոցով:
Թմրամիջոցի արժեքը կազմող գումարը ընդհանուր շուրջ 60 մլն 744 հազար դրամ է, որը փոխանցվել է կրիպտոարժութային դրամապանակներին, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա էլեկտրոնային դրամապանակներին:
Նույն անձանց կողմից կառավարվող «Marc Emery Market» խանութ-հարթակի միջոցով՝ մեկ այլ՝ «Davitvanhoktemberyan» անվամբ գրանցված օգտատիրոջից, 2021 թվականի օգոստոսին ապօրինի ձեռք են բերել ավելի քան 80 գրամ քաշով «Մարիխուանա», որն այլ օգտատերերի՝ Գ.Ա.-ի ու Հ.Հ.-ի օգնությամբ փաթեթավորել և թաքցրել են Երևանի ու ՀՀ մարզերի տարբեր հատվածներում:
Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն թմրամիջոցի մնացած մասը՝ 60.39 գրամ ընդհանուր քաշով, հետագայում իրացնելու նպատակով, տեղափոխել են Խ.Ֆ.-ի բնակության վայր և թաքցրել տան խորդանոցում:
Նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցվել Վ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով, իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում), իսկ Գ.Ա.-ի, և Հ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: