2023թ. նոյեմբերին 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի տարածքից կատարվել է գողություն, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
Նշվում է, որ պանթեոնից գողացել են 14 հատ 100 մմ տրամաչափ 4 մետր երկարությամբ խողովակներ, որոնք նախորդ օրը ապամոնտաժվել էին բարեկարգման և սպասարկման բաժնի բանվորների կողմից՝ ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի պահեստում պահելու և հետագայում ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչություն հանձնելու նպատակով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (Գողություն, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հաղորդվում է, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը Երևան քաղաքի 48-ամյա բնակիչ է, մյուսը՝ Արարատի մարզի 38-ամյա բնակիչ, իսկ երրորդը, ով 51 տարեկան է, բնակության վայր և հաշվառում չունի: Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել են հանցագործության այլ դրվագներ ևս:
Մասնավորապես՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալված Երևանի 48-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8.5 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, 0.50 գրամ և և 1.65 գրամ քաշով տարբեր փաթեթավորմամբ դեղնականաչավուն զանգվածներ, 0.34 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին»-ի նմանվող զանգված, մեկ հատ ապակե գլան՝ հարմարեցված ծխելու համար, երկու թղթե գլան, որից մեկը՝ 0.32, մյուսը՝ 0.68 գրամ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ վերջինս դեռևս չպարզված հանգամանքերում և չափերով, տարբեր ժամանակահատվածներում, տարբեր գումարների դիմաց, Արարատի մարզի վերոհիշյալ բնակչին ապօրինի իրացրել է «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Երևան քաղաքի 48-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցակից և գողությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը շահադիտական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով), իսկ Արարատի մարզի 38-ամյա բնակչին և 51-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: