Դատախազը նոյեմբերի 29-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Պարզվել էր, որ Մինասյանը 2008-2012թթ․ զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013- 2018թթ․ հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ մինչև 2016թ․ ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ օրինականացնելով վերոնշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
2010թ․ դեկտեմբերի 16-ին ՊՆ կողմից մշակվել է վերոնշյալ գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին կառավարության գաղտնի որոշման նախագիծ, որով առաջարկվել է թույլատրել ՊՆ-ին՝ հավանություն տալ խոշոր գործարքի կնքմանը, այն է՝ 3 մլրդ 600 մլն դրամով գույքն օտարել փաստացի Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո»-ին, որը հիմնադրվել է Մ.Մ.-ին փոխկապակցված անձանց՝ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի կողմից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում հաշվառված «Էմ Ջի Դի Սի ինք» առևտրային ընկերության և «Վոդ Գրուպ» ՍՊ ընկերության միջոցով 2010թ․ հոկտեմբերի 27-ին:
2010թ․ դեկտեմբերի 20-ին կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն դրամով օտարվել է Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո»-ին: Այնուհետև, կառավարությունը, «Ձորագետ Հիդրո»-ի համար արտոնություններ սահմանելու նպատակով՝ 2011թ․ համապատասխան որոշմամբ փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը: Արդյունքում՝ խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանն ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխել է էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան և 2012-2016թթ․ ընթացքում «Ձորագետ Հիդրո»-ի հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանել կրկնակին գերազանցող սակագներ: Արդյունքում՝ «Ձորագետ Հիդրո»-ն կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացել է 3 մլրդ 750 մլն 837 հազար 591 դրամ: Մ.Մ.-ն քողարկել է ընկերության 30 տոկոս բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը, որի արդյունքում 2011-2016թթ․ ընթացքում ստացել է 1 մլրդ 113 մլն 698 հազար 628 դրամ շահաբաժին:
Առանձնապես խոշոր չափերով 333 մլն 861 հազար 167 դրամ գումարն օրինականացնելու դիտավորությամբ ստացված գումարների հանցավոր ծագումը խեղաթյուրելու, դրանց իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Մինասյանը գումարները միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այն է՝ տարբեր բանկային գործարքներ կատարելու եղանակներով դրանց հաղորդել է օրինական տեսք։
Հոկտեմբերի 28-ին որոշում էր կայացվել քրեական վարույթով մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին: Նոյեմբերի 29-ին դատախազը հաստատել է Մ.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ միասին հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Միաժամանակ, դատարան է ներկայացվել մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:
Հիշեցնենք, որ դատախազը 2023թ․ օգոստոսի 24-ի որոշմամբ՝ Մ.Մ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):