Գեղարքունիքի մարզի 49-ամյա բնակիչը կաշառքի դիմաց իր՝ ՊՆ Մարտունու զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկ որդուն, 2018թ․ ամառային զորակոչից ազատելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետի հետ, հայտնել է ՔԿ-ն:
2017թ․ նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին տղամարդն անձամբ բաժանմունքի պետին է տվել ընդհանուր 9 222 600 ՀՀ դրամին համարժեք 19 000 ԱՄՆ դոլար գումար:
Բացի այդ, վերջինիս միջոցով ծանոթանալով Երևան քաղաքի բնակչի հետ՝ տղամարդը պայմանավորվածություն է ձեռք բերել անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը պատրաստելու հարցի շուրջ։ Պայմանավորվածության համաձայն՝ 388 320 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլարը եղբոր միջոցով փոխանցել է նրան։ Վերջինս, որպես ոլորտն ուսումնասիրած անձ, հասկանալով որ զորակոչիկի ունեցած իրական առողջական խնդիրները նրա՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հիմքեր են ստեղծում, խաբեությամբ ստանալով նշված գումարը, հափշտակել է այն:
Զորակոչիկի հորը մեղադրանք է ներկայացվել՝ ՔՕ 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 7 տարի ժամկետով) և 44-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալու փորձը)։ Զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափի կաշառք ստանալը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարի)։
Հիշյալ երկու անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի վերոնշյալ բնակիչը կաշառք ստանալու միջոցով փորձել է պարտադիր զինվորական ծառայությունից մտացածին հիվանդությամբ ազատել ևս մի քանի անձի, գործով նախաքննությունը շարունակվում է։