Երևանի Նորքի Այգիներ փողոցում գտնվող երկհարկանի տանը թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա է հայտնաբերվել, հայտնել է ՔԿ-ն:
Հայտնաբերվել էր 218 հատ կանեփի նմանվող թուփ, փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող՝ ընդհանուր 6599,199 գրամ քաշով զանգվածներ, կշեռք, որի վրա առկա են եղել սպիտակ բյուրեղանման զանգվածի և դեղնականաչավուն բուսական զանգվածի հետքեր, փաթեթներով սպիտակ փոշենման զանգվածներ և այլ պարագաներ։
Ձերբակալվել է չորս անձ, որոնցից երկուսը՝ կանայք՝ Երևան և Վայք քաղաքներից, մեկ տղամարդ՝ ՌԴ քաղաքացի և մեկ տղամարդ՝ Հարավային Կորեայի քաղաքացի։
Նրանց ներկայացվել է մեղադրանք ՔՕ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրականացնելը)։
Վարձակալած տանը հատուկ հարմարությունների պայմաններում «Կանեփ» բույսերի հասունացված ցողունները վերամշակել են, ապա իրացման նպատակով բաժանել հավասարաչափ մասերի, փաթեթավորել են և վաճառել:
Երկու տղամարդկանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խմբի մյուս՝ կին անդամների նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նշված վարույթով լայն ծավալով շարունակվող նախաքննության ընթացքում նաև բացահայտվել է թմրամիջոցների պատրաստման ևս մեկ օբյեկտ։ Հայտնաբերված՝ թմրամիջոցների նմանվող զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։