Մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում ստացած զինծառայող Գերասիմ Առաքելյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Նկատի ունենալով, որ առկա են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի կողմից ռասսայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով հայ զինծառայողին ապօրինաբար կյանքից զրկելու առերևույթ հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնում է գերատեսչությունը:
Նշվում է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է նախաքննություն: ՔԿ-ից փոխանցում են, որ ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը: