Վերաքննիչ դատարանը խստացրել է ԶՊՄԿ անվտանգության պահնորդին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը՝ նրան դատապարտելով ցմահ ազատազրկման, Armenia Today-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
«Վերաքննիչ դատարանը բավարարել է տուժողի վերաքննիչ բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հունիսի 21-ի թիվ ՍԴ/ 0082/01/23 գործով կայացված դատավճիռը պատժի մասով: Մեղադրյալ Հուսեյն Ախունդովի նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ցմահ ազատազրկում»,- հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը։
2023-ի հունիսին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աղբյուրը հայտնել էր, որ ԶՊՄԿ անվտանգության պահնորդին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովին դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Ապրիլին Գլխավոր դատախազությունը մանրամասներ էր հաղորդել սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի վերաբերյալ, որոնց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։
ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել էր, որ Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրան հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու համար իր պահվող ինքնաձիգից կրակոցներ էր արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր: