Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը:
Գրասենյակից փոխանցում են, որ դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը։
Դիմումատուները (Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորներ Ա․Գյուլումյան, Հ․ Նազարյան, Ֆ․ Թոխյան և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հ․Թովմասյան) բողոքել են, որ զրկված են եղել իրենց պաշտոնների վաղաժամկետ դադարեցումը ներպետական մակարդակում վիճարկելու հնարավորությունից, և այդ դադարեցումը եղել է կամայական։ Դիմումատուների գանգատների վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել էր իր առարկությունները՝ պնդելով, որ գանգատն անընդունելի է և տեղի չի ունեցել դիմումատուների իրավունքների որևէ խախտում:
Եվրոպական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ներկայացված գանգատներում բարձրացված պահանջները Կոնվենցիայի տեսանկյունից անընդունելի են ratione materiae՝ Կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով:
2020թ. հուլիսին ՄԻԵԴ-ը մերժել էր ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները, ի թիվս այլնի, պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը