Ադրբեջանից 32 հայ գերիների վերադարձը կլինի մոտակա ժամանակահատվածում՝ ժամերի կամ օրերի հարց է, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է Սարգիս Խանդանյանը՝ տեղեկացնելով, որ գերիների փոխանակումը տեղի է ունենալու հայ-ադրբեջանական սահմանին։
Նա հայտնել է նաև, որ Հայաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվածության շրջանակում Ադրբեջանին կհանձնի ՀՀ-ում դատապարտված Ագշին Բաբիրովին և Հուսեյն Ախունդովին և հավելել, որ ՀՀ-ում պահվող այլ ադրբեջանցիներ չկան։
Դեկտեբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների: Նույն օրը ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող 32 հայ զինծառայողների անունները։
Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 6-ին խստացրել էր ԶՊՄԿ անվտանգության պահնորդին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը՝ նրան դատապարտելով ցմահ ազատազրկման։
2023-ի հունիսին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աղբյուրը հայտնել էր, որ ԶՊՄԿ անվտանգության պահնորդին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովին դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Ապրիլին Գլխավոր դատախազությունը մանրամասներ էր հաղորդել սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի վերաբերյալ, որոնց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։
ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել էր, որ Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրան հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու համար իր պահվող ինքնաձիգից կրակոցներ էր արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր: