Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նկատմամբ հայտարարագրվող տվյալները «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի» հայտարարագրում չներկայացնելու փաստի առթիվ 2021 թվականի մարտի 1-ին վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է ընդունվել, գրում է «Ժողովուրդ»-ը:
Վարույթի համաձայն՝ 2019 թվականին, երբ Հակոբ Սիմիդյանը դեռ ԱԺ պատգամավոր էր, 2019 թվականի հայտարարագրում չի ներկայացրել հայտարարագրման ենթակա տվյալներ։ «Ըստ Հակոբ Սիմիդյանի բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ տվյալների՝ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են ընդհանուր 488.806.5 ՀՀ դրամ, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 1.054.723.1 ՀՀ դրամ»,- հայտնում է պարբերականը։
Սիմիդյանը նշել է, որ անզգուշության հետևանքով հայտարարագրում չի նշել իր հաշիվներում կուտակված միջոցների մասին։ Արդյունքում՝ Սիմիդյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 հազար դրամի չափով։ Հայտարարագրի համապատասխան բաժնում ուղղումներ անելու համար նրան տրամադրվել է 7 օր։