Արդեն մեկ տարուց ավելի է՝ ընդդիմությունը հայց է ներկայացրել ՍԴ՝ իրենց հասանելիք նախագահների պաշտոններում թեկնածուներ ունենալու իրավունքի համար, սակայն երեկ հերթական անգամ այն չի քննվել՝ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից», հայտնում է «Հրապարակ»-ը։
Թերթը մանրամասնում է, որ խոսքը, մասնավորապես, «ԱԺ կանոնակարգ» օրենքի այն դրույթների սահմանադրականությանն է վերաբերում, որով փաստացի ընդդիմությունը զրկված է ԱԺ մշտական հանձնաժողովների՝ Դոնթի բանաձևով իրենց հասանելիք նախագահների պաշտոններում թեկնածուներ ունենալու իրավունքից։ Չնայած բանաձևով ընդդիմադիրներին հանձնաժողովներ ղեկավարելու հնարավորություն է տրված, սակայն խորհրդարանական մեծամասնությունն է որոշում, թե ընդդիմությունից ով ընտրվի այդ պաշտոններում։
Պարբերականը եզրակացնում է, որ Սահմանադրական դատարանն ամեն ինչ անում է, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացրած դիմումները չքննի։ Հաջորդ նիստը դեկտեմբերի 19-ին է։