Ավարտվել է պարտադիր զինծառայությունից ապօրինի ազատելու համար կաշառք տալու պատրվակով 15,300 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով նախաքննությունը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Գերատեսչությունից հաղորդում են, որ ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչը տեղեկություն ունենալով այն մասին, որ Քարակերտ գյուղի բնակիչ Լ․Կ․-ն որոշակի գումարի դիմաց զինակոչիներին ապօրինի ազատում է պարտադիր ժամկետային ծառայությունից, հանդիպել է նրան ու իր որդուն հերթական զորակոչից ազատելու դիմաց գումար առաջարկել։
Չմերժելով առաջարկը՝ Լ․Կ․-ն 18-ամյա տղային իբրև թե զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդության հիմքով զորակոչից ազատելու գործընթացը կազմակերպելու և իբր որոշակի գործողություններ կատարելու համար 2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Լուկաշին գյուղի բնակիչը վերջինիս մաս-մաս փոխանցել է 6,332.500 ՀՀ դրամին համարժեք 13.300 ԱՄՆ դոլար գումար, իսկ պայմանավորած գումարի մնացած մասը՝ 950.000 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը, ստացել է նրա որդուց:
Սակայն Լ․Կ․-ն հիշյալ գումարը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, այլ խաբեությամբ հափշտակել է իրեն փոխանցված 15,300 ԱՄՆ դոլարը:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա իրավապահ մարմինը զինակոչիկին մեղարդանք է ներկայացրել առանձնապես խոշոր չափերով կաշառ տալու փորձին օժանդակելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ) նրա հորը կաշառ տալու օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ), իսկ Քարակերտի 63-ամյա բնակչին՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար (255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։
Վերջինս կալանավորվել է, ապա նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է 5․000․000 ՀՀ դրամ գրավով։ Կալանք է դրվել նաև վերջինս գույքի վրա։
Իսկ զինակոչիկի ու նրա հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
ՔԿ-ն հայտնում է, որ նախաքննությունն ավարտվել է, և նշված մեղադրյալների մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։