Գյումրիի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք դրվագներով, հայտնում է ՔԿ-ն։
Նա 2006-2011թթ․ ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը)՝ օտարման ոչ ենթակա՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, տարբեր հասցեներում գտնվող 24 անշարժ գույք, այդ թվում՝ ընդհանուր օգտագործման կանաչ գոտի (զբոսայգի) հանդիսացող քաղաքային զբոսայգու հողամասեր՝ տվյալ ժամանակ գնահատված ընդհանուր՝ 35 690 403 ՀՀ դրամ կադաստրային արժեքով։
Ձևական առուվաճառքի և անհատույց օգտագործման պայմանագրեր կնքելու համաձայնության գալով մի շարք անձանց, այդ թվում՝ եղբոր և որդու հետ, Գյումրի համայնքից հանցավոր եղանակով ստացված գույքի ծագման աղբյուրը խեղաթյուրելու, պատկանելիությունը թաքցնելու նպատակով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքերից 4-ը՝ 16 060 815 ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
Վարդան Ղուկասյանի մտերմների միջև կնքվել են անշարժ գույքն օտարելու վերաբերյալ ձևական առքուվաճառքի պայմանագրեր, որոնց հիմքով գույքերի նկատմամբ գրանցվել է նրանց սեփականության իրավունքը, կատարել պետական գրանցում, իսկ դրանից հետո կնքված նվիրատվության պայմանագրերի համաձայն՝ գույքերը նվիրել է որդուն կամ եղբորը։ Այդ հիմքով կատարվել են պետական գրանցումներ, տրամադրվել են վկայականներ։
Գյումրիի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու (24 դրվագ), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (26 դրվագ), հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) (4 դրվագ) համար։ Վերջինիս եղբորը, որդուն և երկու մտերիմներին մեղադրանք է ներկայացվել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) համար։
5 անձանց նկատմամբ, ոչ արդարացնող՝ վաղեմությունն անցնելու հիմքերով քրեական հետապնդումները դադարեցվել են։ Նախաքննությունն ավարտվել է։ Արգելանքներ են կիրառվել առերևույթ հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա: