ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր խումբ, որն ԱՄՆ-ից և ՌԴ-ից Հայաստան է տեղափոխել և իրացրել թմրամիջոցներ։
Մասնավորապես, Երևանի 30-ամյա բնակիչ Ա.Կ.-ն 2019-2022թթ. ընթացքում համաքաղաքացիների՝ 31-ամյա Ռ.Բ.-ի, 26-ամյա Ա.Ս.-ի, 23-ամյա Վ.Չ.-ի, 32-ամյա Վ.Գ.-ի և այլ անձանց հետ տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, այդ նպատակով կազմակերպել և ղեկավարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ ապօրինի տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային և ՀՀ պետական սահմաններով:
«Խումբը «@ngers», «Ismoke», «SchockMaster» և նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներով զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ դրանում ներգրավելով նաև Վ.Չ.-ին, Վ.Գ.-ին, Ա.Գ.-ին և այլ հանցակիցների: Նամակագրություններ են վարել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, պահանջել են գումարը փոխանցել իրենց կողմից կառավարված վճարային գործիքներին»,- հայտնում է ՔԿ-ն:
Այնուհետև գներդներին է ուղարկվել թաքստոցներում նախապես տեղադրված տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ կոորդինատներով: Նշված եղանակով խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ են ապօրինի իրացվել բազմաթիվ անձանց:
Վերոհիշյալ առցանց խանութ-հարթակների միջոցով ապօրինի իրացման համար նախատեսված, առաձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «α-PVP» թմրամիջոցները հայտնաբերվել են Վ.Չ.-ի բնակության վայրի խուզարկությամբ: Բացի այդ, վերջինս ներկայացրել է նաև տարբեր չափերի «Մեթամֆետամին», ԼՍԴ ((+)+-+Լիզերգիդ, ԼՍԴ-25), «α-PVP», «Մեֆեդրոն», «ՄԴՄԱ (Մեթիլենդիօքսիմեթամֆետամին)», «Հաշիշի յուղ», MMBA(N)-073 տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ Երևանի տարածքում նախապես տեղադրված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի և «MMBA(N)-073» և «MDA-19» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ 11 փաթեթ:
Վերը նշված խանութ-հարթակների համար որպես պահեստ օգտագործված բնակարանում, Վ.Գ.-ի փաստացի բնակության վայրում, նրա ծնողներին պատկանող բնակարանում, ինչպես նաև Ռ.Բ.-ի բնակարանում հայտնաբերվել են տարբեր քաշերով՝ առանձնապես խոշոր չափերով նույն թմրամիջոցներից, նաև «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:
Ըստ ՔԿ-ի՝ Ա.Կ.-ն, նշված տելեգրամյան խանութ-հարթակների միջոցով կազմակերպել և ղեկավարել է Ռուսաստանից Ա.Գ.-ի կողմից պարբերաբար մաքսանենգությամբ՝ տեխնիկական սարքավորումների մեջ թաքցված վիճակում, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ: Արդյունքում՝ 2019-2020թթ. ընթացքում Ա.Գ.-ի կողմից բազմիցս վերոհիշյալ եղանակով ՌԴ-ից ՀՀ են տեղափոխվել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, որից մի մասը վաճառվել է առցանց խանութ-հարթակի միջոցով և հայտնաբերվել վարութային գործողությամբ:
Բացի այդ, Ա․Կ․-ն հեռահաղորդակցական համակարգերի կիրառմամբ, կազմակերպել և ղեկավարել է նաև ԱՄՆ-ից ապօրինի թմրամիջոցների ձեռքբերման և բեռնափոխադրող կազմակերպության միջոցով, մաքսանենգությամբ դրանք ՀՀ տեղափոխումը, առաքանին ՀՀ-ում ստացվելուց հետո հանցակիցների միջոցով դրա ստացումը: ՀՀ ապօրինի տեղափոխված թմրամիջոցի հերթական խմբաքանակը՝ առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Կոկաին» տեսակի թմրամիջոցները, հայտնաբերվել են բեռնափոխադրող ընկերության միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանիների զննությամբ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա Ա.Կ.-ին, Վ.Չ.-ին և Վ.Գ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Ռ.Բ.-ին և Ա.Ս.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն)։
5 անձանց նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որոնցից 3-ի մասով հետագայում այն փոխարինվել է այլ խափանման միջոցներով։ Հանցավոր խմբի այլ անդամների հայտնաբերելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև դրանց շրջանառությունից ստացված դրամական միջոցների ամբողջական ծավալները պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:
Փաշինյանը հաստատել է Արթուր Պողոսյանին Քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին լուրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին Քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մտադրությունը: Այս մասին նա հայտարարել է...