Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության գործունեության առաջնահերթ ոլորտները։ Այս մասին նա հայտարարել է Ազգային անվտանգության աշխատակցի օրվան նվիրված խորհրդակցության ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ ԱԱԾ-ի աշխատանքն անթերի չի եղել, բայց, ընդհանուր առմամբ, հատուկ ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. «Վստահ ենք, որ ԱԱԾ-ի աշխատանքի որակը բարելավվում է և, իհարկե, կառավարությունն ամեն կերպ կխրախուսի այս գործընթացը»,- ասել է նա։
Փաշինյանը կարևորել է ԱԱԾ-ում բարեփոխումների շարունակականությունը։ Վարչապետի խոսքով՝ ԱԱԾ-ի հնարավորությունները պետք է կենտրոնացվեն երեք հիմնական ուղղություններով՝ հակահետախուզություն, սահմանադրական կարգի պաշտպանություն և ահաբեկչության դեմ պայքար։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ենթակառուցվածքների բնականոն գործունեության ապահովումը նույնպես կվստահվի Ազգային անվտանգության ծառայությանը։
Վարչապետն ասել է, որ 2018 թվականից ի վեր Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորման չափը եռապատկվել է։ Փաշինյանը նշել է, որ ֆինանսավորման ավելացումը ծառայում է երեք հիմնական նպատակի՝ հետախուզական ծառայության տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացում, ենթակառուցվածքների բարելավում, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավում։
Նշվում է նաև, որ Ազգային անվտանգության աշխատակցի օրվա կապակցությամբ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են վարչապետի հուշամեդալով։ Վարչապետը նաև Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրելու համար:
Բացի այդ, վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ նրա տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։