Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատապարտել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակման: Հաշվի առնելով փաստացի անազատության մեջ գտնվելու 3 ամիս 12 օրը՝ ազատության սահմանափակման պատիժը կկազմի 1 տարի, 11 ամիս, 5 օր:
Վճռի մեջ նշվում է՝ դատապարտել ազատության սահմանափակման 2 տարի 6 ամիս ժամկետով՝ արգելելով Ավետիք Չալաբյանին կազմակերպել հավաքներ, մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը:
Դատարանը հաշվակցել է Չալաբյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու 3 ամիս 12 օրը՝ փաստացի անազատության մեջ գտնվելու մեկ օրը հաշվելով ազատության սահմանափակման երկու օրվա դիմաց: Վերջնարդյունքում՝ Չալաբյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատության սահմանափակում 1 տարի, 11 ամիս, 5 օր ժամկետով՝ արգելելով կազմակերպել հավաքներ, մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների:
Չալաբյանը մեղադրվում էր Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: Նրա դեմ ցուցմունք էր տվել համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը: Շուրջ 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո Չալաբյանն ազատ էր արձակվել՝ 15 միլիոն գրավի դիմաց։