Մեր պայքարը շարունակվելու է թե իրավական, թե հանրային, թե քաղաքական հարթություններում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքով՝ իրավական հարթության մեջ դատավճիռը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում, անհրաժեշտության դեպքում կանցնեն դատական բոլոր ատյաններով:
«Վճռական ենք ի վերջո դիմել Սահմանդրական դատարան, որտեղ կարելի է դիմել, եթե սպառել ենք նախորդ բոլոր դատական ատյանները: Անհրաժեշտության դեպքում կդիմենք նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե ՀՀ արդարադատությունը սահմանափակված լինի իշխանության պարտադրանքով»,- ընդգծել է հասարակական գործիչը:
Նա շեշտել է, որ իր մեղքը դատարանում չի ապացուցվել և «որևէ ապացույց չի ներկայացվել, որ քրեական գործ հարուցված ամբողջ գործողությունը որևէ առնչություն չունի հանրահավաքի հետ և որ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահի հետ կապված հարաբերությունները որևէ հանրահավաքի հետ են կապված»:
Չալաբյանը հավելել է, որ դատարանը ի սկզբանե քաղաքական պատվեր էր կատարում և մեղադրական եզրակացությունը դեռևս մեկուկես տարի առաջ էր կայացրել և դատալսումները վճռի վրա որևէ կերպ չպիտի ազդեին: «Սակայն իրականում ազդեցին, քանի որ և փայլուն պաշտպանությունը, և հանրային արձագանքը, և լրագրողների իրականացրած լուսաբանումը բերեց այն եզրակացությանը, որ ազատազրկման հետ կապված դատավճիռը հասարակությունը չի ընդունի, որովհետև այն ոչ մի տրամաբանության մեջ չէր տեղավորվում: Դրա համար տվել են այլ դատավճիռ, որը ևս ապօրինի բնույթ ունի»,- կարծում է Չալաբյանը:
Դեկտեմբերի 21-ին Ավետիք Չալաբյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատապարտել էր 2 տարի 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակման: Հաշվի առնելով փաստացի անազատության մեջ գտնվելու 3 ամիս 12 օրը՝ ազատության սահմանափակման պատիժը կկազմի 1 տարի, 11 ամիս, 5 օր:
Չալաբյանը մեղադրվում էր Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: Նրա դեմ ցուցմունք էր տվել համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը: Շուրջ 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո Չալաբյանն ազատ էր արձակվել՝ 15 միլիոն գրավի դիմաց։
Մանրամասները՝ տեսանյութում