«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) արգելել Ադրբեջանի ազգային հավաքականին և կառավարության ներկայացուցիչներին մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Չափազանց կարևոր է, որ ՄՕԿ-ը նման միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100.000 քրիստոնյա հայերի էթնիկ զտումների, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որոշ հատվածների օկուպացիայի և օկուպացված տարածքների ընդլայնման սպառնալիքի հետ կապված դեպի ողջ Հայաստան, որը նրանք անվանում են «Արևմտյան Ադրբեջան», – ասվում է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին ուղղված նամակում։
CSI-ի տնօրեն Ջոն Էյբները և ՔՀԻ ֆրանսիական ներկայացուցչության ղեկավար Անժելիկ Գուրլեն կոչ են արել Բաքվին չխրախուսել հակահայկական ռասիզմը, որը խորապես ներթափանցված է սպորտի ոլորտ, ինչպես նաև անտարբեր չմնալ Ադրբեջանում գտնվող բանտարկյալների նկատմամբ։
«Այս պատանդների թվում են հայ ազգային ականավոր գործիչներ և աշխարհահռչակ բարերար Ռուբեն Վարդանյանը, ում համաշխարհային մարդասիրական ջանքերը, հավանաբար, հայտնի են Ձեզ և ՄՕԿ-ի մյուս անդամներին»,- ավելացրել են կազմակերպության ղեկավարները։
Բացի այդ, CSI-ը ՄՕԿ-ին կոչ է արել կասեցնել Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամակցությունը, քանի դեռ կոմիտեի նախագահն է նաև «Ադրբեջանի ծայրահեղ ազգայնական բռնապետ Իլհամ Ալիևը»: Օլիմպիական խարտիան, ասվում է նամակում, պահանջում է, որ ազգային կոմիտեները մնան անկախ քաղաքական ճնշումներից:
Միևնույն ժամանակ, քրիստոնյա իրավապաշտպաններն առաջարկել են թույլ տալ ստուգումն անցած ադրբեջանցի մարզիկներին մասնակցել 2024 թվականի խաղերին որպես չեզոք խաղացողներ՝ առանց իրենց ազգային դրոշի կամ այլ ազգային կամ կրոնական խորհրդանիշների: Նրանք հիշեցրել են, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների համար հաջորդ տարվա խաղերում այն բանից հետո, երբ ՄՕԿ-ն այդ երկրներին դուրս է թողել Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։
Էյբները և Գյուրլեն Բախին հրավիրել են հանդիպել իրենց, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա օմբուդսմեններ Արտակ Բեգլարյանի և Գեղամ Ստեփանյանի հետ՝ քննարկելու Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից Արցախի ներքին տեղահանվածներին օգնելու ուղիները։
Ավելի վաղ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը կոչ էր արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հասնել ՄԱԿ-ում բանաձևի ընդունմանը, որը պարտավորեցնում է Բաքվին ապահովել հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ և հայ գերիների ազատ արձակումը: