Ավարտվել է Երևանի 36-ամյա բնակչի կողմից առանձապես խոշոր չափի՝ ավելի քան 88մլն ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առիթվ նախ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված, ապա ՔԿ փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«2023 թվականի ապրիլի 25-ին Երևանի բնակիչ Օ․Կ․-ն ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն պատկանող կրիպտոարժույթային դրամապանակից իր համար անհայտ հանգամանքներում հափշտակվել է 236.000 ԱՄՆ դոլար արժողության 129 «էթերիում» (Ethereum) տեսակի կրիպտոարժույթ։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ հիշյալ հափշտակությունը կատարել է Երևանի 36-ամյա բնակիչը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վերջինս լինելով մասնագիտությամբ ծրագրավորող, 2023 թվականի մարտի 19-ին համակարգչային համակարգի նկատմամբ ապօրինի եղանակով, ներգործելու միջոցով հասանելիություն է ստացել Օ․Կ․-ի կրիպտոարժութային դրամապանակին, դրանում առկա 88.303.352 ՀՀ դրամին համարժեք 129 «էթերիում» տեսակի կրիպտոարժույթը փոխանցել իր կրիպտոդրամապանակին և հափշտակել այն։
«Երևանի 36-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով(Համակարգչային հափշտակությունը առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով՝ 2 ամիս ժամկետով, ինչպես նաև 15 մլն ՀՀ դրամ գրավով։ Նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ փոխհատուցել է պատճառված վնասը։ Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։