Տիգրան Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման հարցը հայտնվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, հայտնել է մայրաքաղաքի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը։ Այդ լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել ավագանու քվորումի բացակայության պայմաններում։ Մենք պահանջում ենք երդման նոր արարողության կազմակերպում՝ օրենքի տառին և ոգուն համապատասխան։ Այլապես Ավինյանի և ընդհանրապես ամբողջ քաղաքապետարանի գործունեությունը կարող է հայտնվել օրենքից դուրս՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով»,- գրել է նա։
Վերջինիս փոխանցմամբ՝ այդ թեմայով նախորդ տարի իմ ներկայացրած հայցադիմումը ՀՀ վարչական դատարանը չէր ընդունել վարույթ՝ ձևական պատճառաբանությամբ։
«Դատարանի այդ որոշումը բողոքարկել էի ՀՀ վերաքննիչ դատարանում։ Վերջինս որոշել է, որ քաղաքապետի լիազորությունների ստանձնման վիճարկմանը վերաբերող հայցադիմումս պետք է ընդունել վարույթ, այսինքն՝ որոշել է, որ մենք ճիշտ ենք, իսկ Վարչական դատարանը՝ սխալ։ Այնպես որ Տիգրան Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման թեման դեռ փակված չէ։ Մենք իրավաքաղաքական բոլոր գործիքակազմերն օգտագործելու ենք՝ ապօրինությունների դեմն առնելու համար»,- նշել է նա։