Հռոմի ստատուտի ընդունումից հետո Հայաստանը ռազմական հանցագործությունների նախաքննական պրոցեսներում միայնակ չէ և ներգրավվում է միջազգային առաջատար վարույթ իրականացնող մարմիններ, հունվարի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին:
«Հռոմի ստատուտի մասին ամենակարևոր գործընթացը, որի մեկնարկը տրվել է, օրենսդրական փաթեթի մշակումն է: Վավերացումից հետո կան բազմաթիվ իրավական նորմատիվ ակտեր, որով մենք պետք է ընդունենք կամ փոփոխենք եղած օրենքները»,- ասաց Մինասյանը:
Նրա խոսքով՝ ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը: Մասնավորապես, Վրաստանն ունի համանման օրենսդրություն, առհասարակ՝ առանձին օրենք:
«4-5 առաջատար երկրների փորձ ենք ուսումնասիրել, և առաջին քայլը նոր օրենսդրության մշակումն է, միջազգային փորձագետների հետ աշխատելը»,- ասաց Մինասյանը:
Իսկ ինչպե՞ս պետք է Հռոմի ստատուտն օգնի նախկինում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների վերհանմանը, նրա խոսքով՝ պրոցեսը հետևայլն է․ «Կան դատախազական և քննչական գործիքակազմեր, և մեր նախաքննական մարմինները, ուսումնասիրելով այդ հանցագործությունները, հավաքելով այդ ինֆորմացիան՝ նաև հնարավորություն ունեն ներգրավել միջազգային դատախազներին ու իրավապահներին, որոնք փաստաթղթերն ուսումնասիրելով մաս են դառնում այդ վարույթներին»:
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահն ստորագրել էր Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։
Մանրամասն՝ տեսանյութում։