ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ քրեական գործը, որով անցնում է, «սարքած է».
Նա չի համաձայնվել դատավոր Վահե Դոլմազյանի այն պահանջի հետ, որ խոսքը դատարանին ուղղելու դեպքում պետք է նայել իր կողմ։ «Եթե այդպիսի կետ չկա, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ձեր պահանջը ոչ միայն անառողջ է, այլև անօրինական»,- ասել է նա։
Աշոտյանը հավելել է, որ եթե դատավորի պահանջը չի կատարել, կարող են իրեն հանել դահլիճից և «ավելի շատ խայտառակ լինել»։
ՀՀԿ փոխնախագահն այնուհետև հայտարարել է, որ կանցնի բուն գործին և նշել է, որ 2013 թվականից Գալինա Հարությունյանը (Բժշկական համալսարանի Արհկոմի նախկին նախագահ, ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ-խմբ.) չի հանդիսանում հիմնարկի ղեկավար։
«Մենք Ձեզ տեղեկանքը բերել ենք, որ 2017թ․ հիմնարկը չկա, հետևաբար չի կարող 2013 թվականին լիազորությունները դադարեցրած մարդը 2015 թվականին վերագրվող հանցանքների մասով լինել իրավական ներկայացուցիչ։ Ի՞նչ ենք քննարկում, որ մածունը սպիտակ է»,- ասել է նա։
Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հավելել է, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը, բնականաբար, սահմանում է, որ նախագահող դատավորը կարող է կարգադրություններ տալ վարույթի մասնակիցներին, բայց այդ կարգադրությունները կարող են վերաբերել բացառապես վարույթի կարգին։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահին մեղադրանք էր առաջադրվել դեռ 2022 թվականի նոյեմբերին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։