Այսօր շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը, որի ժամանակ իրենց երաշխավորություններն են ներկայացրել ՀՀ ԱԺ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն դատարանում երաշխավորությունը հաստատելու ժամանակ նշել է, որ հնարավորության սահմանում ծանոթացել է իրավական ողջ գործընթացին։
«Բնականաբար, ինչ անհրաժեշտ է եղել, համապատասխան անձանց հետ ճշտել եմ և գիտակցում եմ և՛ իմ արարքի պատասխանատվությունը, և՛ առհասարակ այս գործընթացում իմ ներկայության անհրաժեշտությունը»,- ասել է Աբրահամյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ դատական բոլոր նիստերին ներկա է եղել, տեղյակ է նաև, որ վերադաս ատյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությություններից մեկի կասկածը չի հաստատվել, ինչի մասին նաև նախագահող դատավորը հայտարարել է Ազգային ժողովի ամբիոնից՝ անձամբ։
«Ես շատ լավ հասկանում եմ, որ դատարանը չունի պարտավորություն ինձ ներկայացնելու, թե նախորդ անգամ, երեք ամիս առաջ մի խումբ հեղինակավոր, իմ խորին համոզմամբ՝ հանրությանը հայտնի մարդկանց կողմից երաշխավորությունն ինչու է մերժվել, բայց ես շարունակում եմ պնդել երաշխավորությունը և վստահ եմ, որ այլ խափանման միջոցները, որոնք կապված չեն ազատությունից զրկելու հետ, կարող են ապահովել Արմեն Աշոտյանի պատշաճ վարքագիծը»,- ընդգծել է պատգամավորը։
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը նույնպես ներկայացրել է իր երաշխավորությունը և նշել, որ վերջին 5 տարում Հայաստանում իրավապահ համակարգը վարժվել է քաղաքական պատվեր կատարելուն՝ բազմաթիվ հոդվածներով մեղադրանքներ ներկայացնել, որի միակ նպատակը Հայաստանի քաղաքացուն «մանիպուլյացիաներով և ստերով կերցնելն է»։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ընդգծել է, որ Արմեն Աշոտյանի հետագիծը թե՛ քաղաքական, թե՛ պետական գործունեոոթյան մեջ այնպիսին է, որ ինքը կարող էր շատերին երաշխավոր լինել, բայց իրադարձություններն այնպես են դասավորվել, որ ինքն է հիմա երաշխավոր։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը դատարանում համոզմունք է հայտնել, որ Աշոտյանը հավուր պատշաճի և ամբողջ ծավալով ու պատասխանատվությամբ իրեն վերապահպած պարտավորություններն իրականացնելու է, հետևաբար երաշխավորությունն էլ հենց դրանով է պայմանավորված եղել։
«Նաև համոզմունք ունեմ, որ քրեադատավարական գործընթացների և հանրային արդարադատության հաստատման շահերից է բխում պարոն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխությունը»,- հավելել է պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ Աշոտյանին ճանաչում է շատ վաղուց, ամբողջությամբ վստահ է, որ նա պարտաճանաչ է, կատարում է օրենքով նախատեսված բոլոր պարտականությունները, չի խուսափելու որևէ վարքագիծ դրսևորելուց, որը հակաօրինական կարող է ընկալվել, այդ թվում՝ իրավասու դատարանի կողմից։
«Այս գործում Աշոտյանի բնականոն մասնակցությունը, բնականաբար, բխում է նախ և առաջ իր շահերից, որովհետև ինչպես հանրային ընկալման մեջ, այնպես նաև գործի որոշ մանրամասների ծանոթանալով՝ ակնհայտ է, որ սա շինծու քրեական գործ է, և բնական է, որ պարոն Աշոտյանն ինքն է առաջին շահագրգռված անձը, որ լիարժեք բացահայտվի»,- նշել է Մինասյանը։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ իր դեմ գործը ոտքից գլուխ սարքած է։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահին մեղադրանք էր առաջադրվել դեռ 2022 թվականի նոյեմբերին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։ Նրան կալանքից ազատելու համար երաշխավորություն են ներկայացրել մի շարք քաղաքական նախկին և ներկա գործիչներ։