Հայաստանը Հաագայի դատարանում կներկայացնի իր փաստարկներն ու ապացույցները` 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«Այսօր Միջազգային իրացական հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հայաստանը արբիտրաժային վարույթի պատեհ փուլում պատրաստվում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին։
2023 թվականի փետրվարին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել, որի շրջանակներում պահանջում է վնասների և ֆինանսական փոխհատուցում «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում էներգառեսուրսների ապօրինի շահագործման համար»։