Երևանում շտապօգնության բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած եղբայրները ձերբակալվել են, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Հունվարի 13-ին՝ ժամը 9։40-ին, ՆԳՆ ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 16 թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ձայներ են, հարձակվել են շտապօգնության բժշկի վրա։ 10։35-ին հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության ենթակայանի բժիշկներից մեկը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության փոխանցմամբ՝ 23 և 24-ամյա եղբայրները մարմնական վնասվածքներ պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են ու ներկայացվել նախաքննական մարմնին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, ով այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Ավելի ուշ Քաղաքապետարանի խոսնակը հայտնել էր, որ ծեծի ենթարկված բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ։