Հունվարի 14-ին կրակել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանի տան ուղղությամբ, գրում է Shamshyan.com-ը։
ԶԼՄ-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ կրակոցների պահին Ասիլյանն ու իր ընտանիքի անդամները տանն են եղել, բայց չեն տուժել։
Տունը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է, դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8 գնդակ։ Ըստ աղբյուրի՝ իրավապահները դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում քրեական վարույթ են նախաձեռնել։
2023-ի նոյեմբերի 13-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանին հեռացրել էին կուսակցությունից։