Հունվարի 15-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է պատգամավոր Ալխաս Ղազարյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման արդյունքում օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը, ինչը հնարավորություն կընձեռի պատշաճ իրավական գնահատական տալու վերջիններիս կողմից թույլ տրված խախտումներին և լուծելու գործնականում առաջացող խնդիրները:
Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ՝ հստակ ամրագրելով, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանում նաև աշխարհազորային համարվող անձը:
«Խնդիրն այս պահին արդիական է, քանի որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվում են մի շարք քրեական վարույթներ, որոնք վերաբերում են աշխարհազորայինների մարտական հերթապահությունը կամ մարտական ծառայություն կրելու կանոնը խախտելուն: Գործող օրենսդրությամբ վերջիններս զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ չեն հանդիսանում և այդ փաստով պայմանավորված՝ նրանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթները կարճվում են»,- պարզաբանել է օրենսդրական նախաձեռնության հեղինակը: