ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին մեղադրել է 44-օրյա պատերազմի իրադարձությունների իրական քննության փոխարեն ՀՀ ԶՈւ-ի պարտությունն իր վրա բարդելու մեջ:
Նա «բամբասանք» է անվանել 2024 թվականի հունվարի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Քոչարյանի՝ 44-օրյա պատերազմում պարտության պատճառների վերաբերյալ հայտարարությունները:
«Խոսելով պարտության պատճառներից՝ Անդրանիկ Քոչարյանը հիշատակել է «առանձին դրվագներ», մասնավորապես՝ անդրադարձել է այն քրեական գործին, որով անցնում եմ ես ու մի շարք նախկին բարձրաստիճան զինվորականներ, որն արժանացել է հանձնաժողովի նախագահի «մանրամասն ուսումնասիրությանը»: Դրանք ոչ միայն բամբասանք ու զրպարտանք պարունակող քաղաքական շահարկումներ են, այլև հակասում են ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որով հստակ ձևակերպված է, որ Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով»,- հայտարարել է Տոնոյանը։
Նա Գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրել օրենքի «կոպտագույն խախտման փաստի վրա»:
Տոնոյանը հիշեցրել է, որ «Անորակ հրթիռների» գործով դատավճիռ դեռևս չի կայացվել, իսկ դատարանն այդպես էլ չի ընդունել բաց դատավարություն անցկացնելու վերաբերյալ իր և մյուս «մեղադրյալների» բազմաթիվ միջնորդությունները:
Տոնոյանը կարծում է, որ բաց դատավարության անցկացման պարագայում հանրությանը հնարավորություն էր տրվելու տեսնել, որ «մեղադրանքներն անհիմն են», և գործը «քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում է»։
Տոնոյանը 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել են 2021 թվականի սեպտեմբերին: ԱԱԾ-ում քննվող քրեական գործ էր հարուցվել ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել 7 անձի։
Տոնոյանն օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որտեղ նշել էր, որ կալանավորված է պատերազմի արդյունքների համար, ոչ այն բանի, ինչ ձևակերպված է: