ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են Իրանից թմրանյութի խոշոր խմբաքանակ, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ հունվարի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների շրջանակում, Ճակատեն բնակավայրի մոտ, ոստիկանական հենակետում, առանձնապես խոշոր չափերով թմրանյութ իրացնելու կասկածանքով, կանգնեցվել է «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենա, որի խուզարկությամբ հայտնաբերվել են 10 կիլոգրամից ավելի քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։
Ըստ հաղորդագրության՝ պարզվել է որ ավտոմեքենայի խցիկում հայտնաբերված թմրամիջոցների նմանվող զանգվածի ընդհանուր քաշը կազմել է շուրջ 12 կգ։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, նախնական պայմանավորվածություն ունենալով ԻԻՀ՝ քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի կամ անձանց հետ, հունվարի 11-ին մեկնել են հայ-իրանական սահմանի համապատասխան տեղանք, որտեղից վերցրել են պոլիէթիլենային երեք խոշոր փաթեթներով ԻԻՀ-ի տարածքից մաքսանենգ ճանապարհով փոխանցված թմրանյութերը, տեղափոխել դրանք ավտոմեքենայի խցիկ և հեռացել, սակայն ետդարձի ճանապարհին, օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից։
Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հոդվածներով։ Երկու քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։