ՔՊԿ անդամ, 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի աջակից Թաթուլ Ասիլյանի՝ 2023-ի նոյեմբերի 13-ին ՔՊ-ից հեռանալու պատճառը նրա մասնակցությունն է կոռուպցիոն գործարքների մեջ, որտեղ քաղաքացիներից գումար են վերցրել շինթույլտվությունների համար՝ «վերևներին» միջնորդելու նպատակով, գրել է «Հրապարակ» օրաթերթը:
«Խոսքը մեծ գումարների մասին է՝ 500-700 հազար դոլարի, սակայն խոստումները չի իրականացրել, կոռուպցիոն շղթան ինչ-ինչ պատճառներով ընդհատվել է, և նա հայտնվել է Փաշինյանի սև ցուցակում»,- գրել է թերթը:
ՔՊ անդամները գերադասել էին լռել նրան հեռացնելու պատճառների մասին: Իսկ ինքը՝ Ասիլյանը, հայտարարել էր, թե պատճառը եղել են արցախցիների վերաբերյալ իր գրառումները, մասնավորապես այն, թե ովքեր վարչապետի դեմ ցույց են անում, պետք է վերադառնան իրենց տեղերը:
Հունվարի 14-ին Shamshyan.com-ը հայտնել էր, որ կրակել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանի տան ուղղությամբ: Նա ընտանիքի անդամների հետ տանն էր եղել, բայց որևէ մեկը չէր տուժել։ Տունը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է, դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել էին ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8 գնդակ։ Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։