Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանին մի խումբ անձանց կողմից առևանգելու հոդվածով Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանը տեղեկացրել է, որ, ըստ Հայրապետյանի, դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ին, ՔԿ-ն հաղորդումն ստացել է հունվարի 17-ին։
«Հաղորդման կապակցությամբ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (Մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․): Իրականացվում է նախաքննություն, կատարվում են ակտիվ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները ստուգելու, իրականությունը պարզելու ուղղությամբ»,- հայտնել է Աբրահամյանը։
ՔԿ խոսնակը հավելել է, ՔԿ-ն դիմել է ոստիկանություն՝ նախաքննության համար լրացուցիչ տվյալներ ստանալու համար։
ՔԿ-ից դեպքի վարույթով անցնող անձանց մասով մանրամասներ չեն հայտնել՝ նշելով, որ «դրանք նախաքննությանն առնչվող դետալներ են, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն»։