Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նշվում է, որ հունվարի 25-ին տեղի կունենա մամուլի ասուլիս, որին կներկայացվեն մանրամասներ։ Նա հավելել է, որ դրան կմասնակցեն փաստաբաններ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
2022 թվականի հուլիսին Փափազյանի մուտքը Հայաստանի տարածք արգելվել էր, նա երկրում ճանաչվել էր անցանկալի անձ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակն այս որոշումը բացատրել էր 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան մոտ վարչապետի պատվիրակության ավտոշարասյան վրա հարձակում կազմակերպելուն Փափազյանի մասնակցությամբ։ 2022 թվականի հոկտեմբերի 16-ին Փափազյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջելով հեռացնել իր անունը Հայաստանի տարածքում անցանկալի անձ համարվող օտարերկրացիների տվյալների բազայից։ Նույն թվականի օգոստոսին արգելվել էր նաև Մասիս Աբրահամյանի մուտքը ՀՀ։