Դատավոր Գրիգոր Հովհաննիսյանն իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության քննության ժամանակ ԲԴԽ-ում հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրյալ, զոհված զինծառայողի մայր Ազգուշ Մարտիրոսյանին (հայտնի է որպես Գայանե Հակոբյան-խմբ․) տնային կալանքի ենթարկելու որոշումը կայացնելիս որևէ դատավարական խախտում թույլ չի տվել: Ուղիղ միացումը հասանելի է Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
Հակոբյանին, որը 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրն է, 2023 թվականի մայիսի 17-ին իրավապահները բերման էին ենթարկել Փաշինյան կրտսերի առևանգման կասկածանքով։ Դատարանը մայիսի 20-ին բավարարել էր Հակոբյանին 1 ամիս ժամկետով կալանավորելու ՔԿ միջնորդությունը, որից հետո Հովհաննիսյանը բեկանել էր Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Հակոբյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել նրա խափանման միջոց կալանքը փոխել տնային կալանքով։
«Արդարադատության նախարարությունը գտել է, որ Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ որոշու կայացնելիս՝ իմ կողմից կարգապահական խախտում է եղել, ինչն, իմ գնահատմամբ, առնվազն տարակուսելի է»,- հայտարարել է դատավորը։
Նա նշել է, որ իրեն վերապահված լիազորություններով է նման որոշում կայացրել։
«Ազգուշ Մարտիրոսյանի մասով որոշումը կայացրել եմ՝ հիմնվելով գործի փաստական հանգամանքների վրա։ Ղեկավարվել եմ բացառապես արդար դատաքննության վրա՝ չունենալով արդարադատության շահը վնասելու որևէ միտում։ Այդ որոշումը կայացնելիս որևէ դատավարական կանոնի, նորմի խախտում թույլ չեմ տվել»,- հայտարարել է դատավորը։
Հովհաննիսյանը շեշտել է, որ Արդարադատության նախարարության միջնորդությունը ենթակա է մերժման։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նիստի ավարտին հայտարարել է, որ խորհուրդը կարգապահական վարույթի վերաբերյալ որոշման հրապարակման մասին լրացուցիչ կտեղեկացնի կողմերին։
«Հայկական ժամանակ»-ը մայիսի 17-ին գրել էր, որ Աշոտ Փաշինյանին իր տան մերձակայքից փորձել են առևանգել: ԶԼՄ-ն հայտնել էր, որ «առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան»։ Ըստ աղբյուրի՝ Եռաբլուրում Հակոբյանն իրեն «հրավիրել է ավտոմեքենայում զրուցելու, սակայն անսպասելի սկսել է այն անկանոն վարել ու նաև մահվան սպառնալիք հնչեցրել»։ Աշոտ Փաշինյանը դիմել էր իրավապահներին և մայիսի 17-ին ՔԿ-ն ոստիկանությունում տված հողորդման հիման վրա քրեական վարույթ էր նախաձեռնել։