Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը ոստիկանությունում հայտարարել է, որ իրեն չեն առևանգել, հայտնել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Ինչպես նաև ստացվել է ոստիկանության կողմից կազմված արձանագրություն, ըստ որի Նարինե Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից Հայրապետյանին առաջարկվել է նրա նկատմամբ ձեռնարկել սահմանված կարգով հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը, ինչից վերջինս հրաժարվել է:
Նա ավելացրել է, որ նախաքննությունը շարունակվում է՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկատվություն հրապարակել վարույթն ավարտվելուց և վերջնական իրավական գնահատականները տրվելուց հետո։
ՔԿ մամուլի խոսնակը հունվարի 22-ին Armenia Today-ին հայտնել էր, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին մի խումբ անձանց կողմից առևանգելու հոդվածով Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել:
«Մայր Հայաստան» դաշինքը հունվարի 23-ին հայտարարություն էր տարածել, Հայրապետյանի (Նարե Սոսե) հետ կատարված միջադեպի ու նրա՝ Հայաստանից հեռանալու վերաբերյալ՝ հայտնելով, որ ոստիկանությունում Նարինե Հայրապետյանի դեմ ճնշումներ են բանեցրել՝ ստիպելով հրաժարվել ցուցմունքից։