Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ ԲԴԽ այսօրվա նիստում հայտարարել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Ըստ որոշման՝ ԲԴԽ-ն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարել է նախազգուշացում։ Անդրեասյանը չի հստակեցրել, թե Խորհրդի քանի անդամ է կողմ կամ ձեռնպահ քվեարկել, բայց նշել է, որ խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը:
ԲԴԽ-ն նաև քննել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Ինչպես հայտնել է Կարեն Անդրեասյանը, այս միջնորդությունը ևս բավարարվել է։ ԲԴԽ-ն որոշել է Նաիրա Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում։ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը։