Հայաստանի գլխավոր դատախազությունը հունվարի 30-ին ստացել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի դիմումը Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշարձանը պղծելու վերաբերյալ, Armenia Today-ին հայտնեց ԳԴ խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը՝ հավելելով, որ «օրենքով սահմանված կարգով գործին ընթացք կտան»։
Հայաստանի քննչական կոմիտեն ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումներ չի ստացել, Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Ոստիկանության լրատվական ծառայության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:
Ավելի վաղ Telegram-ի ալիքներում տեսանյութ էր հրապարակվել, որում մի տղամարդ Երևանի «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշահամալիրի մոտ դրված ծաղկեպսակները շուռ է տալիս։ Տեսանյութում լսվող ձայնը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը, թե «ոչ մի փաստաթուղթ չկա, որ Արցախում էթնիկ զտումներ են տեղի ունեցել» և հարց է տվել՝ «իսկ կա՞ փաստաթուղթ, որ Լենինգրադում շրջափակում է եղել»:
Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել է հուշարձան։ Հունվարի 30-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 13:30-ի դրությամբ, հուշարձանի մոտ ծաղկեպսակներ չեն եղել։