Հունվարի 13-ին Երևանի Նորաշեն թաղամասում գտնվող շենքի բնակարաններից մեկում շտապօգնության բժշկի վրա հարձակվելու, նրան մարմնական վնավածքներ պատճառելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, հայտնում են ՔԿ-ից։
Նշվում է, որ բուժօգնության կարիք ունեցող տղամարդուն բուժօգնություն ցուցաբերելու համար բժիշկը բուժքրոջը հրահանգել է ներարկել ցավազրկող դեղամիջոց, ինչն առաջացրել է տղամարդու դժգոհությունը։
«Նա հրաժարվել է ներարկումից՝ պահանջելով ներարկել այլ դեղամիջոց: Դրա ոչ նպատակահարմար լինելու մասին բժշկի պարզաբանումից վրդովված տղամարդը բժշկի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հահոյանքներ, ինչի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում հիվանդն աթոռը նետել է բժշկի ուղղությամբ, որը դիպել է վերջինիս ոտքին։ Դրանից հետո տղամարդու երկու որդիները հարձակվել են բժշկի վրա և արդեն երեքով անկանոն հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ գլխի, պարանոցի և մարմնի այլ հատվածների շրջանում»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Բնակչին և նրա երկու որդիներին ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (առողջությանը թեթև վնաս պատճառելը մի խումբ անձանց կողմից՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, առավելագույն պատիժը՝ 2 տարվա ազատազրկում):
Հունվարի 13-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, ով այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Ավելի ուշ քաղաքապետարանի խոսնակը մանրամասնել էր, որ ծեծի ենթարկված բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ։ Նույն օրը Երևանում շտապօգնության բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած եղբայրները ձերբակալվել էին։
Հունվարի 16-ին Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել էր շտապօգնության անձնակազմի նկատմամբ ևս մեկ բռնության դեպքի մասին։