Ոստիկանությունը ձերբակալել է Երևանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշտակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած քաղաքացուն, ով փորձում էր լքել Հայաստանը, հայտնում է shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ 46-ամյա Սամվել Շիրինյանն է։
«Առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանները «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել են Շիրինյանին և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին»,- մանրամասնում է կայքը՝ ավելացնելով, որ Շիրինյանը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Հունվարի 29-ին Telegram-ի ալիքներում տեսանյութ էր հրապարակվել, որում մի տղամարդ Երևանի «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշահամալիրի մոտ դրված ծաղկեպսակները շուռ էր տալիս։ Տեսանյութում լսվող ձայնը մեկնաբանել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը, թե «ոչ մի փաստաթուղթ չկա, որ Արցախում էթնիկ զտումներ են տեղի ունեցել» և հարց էր տվել՝ «իսկ կա՞ փաստաթուղթ, որ Լենինգրադում շրջափակում է եղել»:
Հունվարի 30-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ իր վերահսկողության տակ է վերցրել հուշարձանի պղծման գործը: Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել խուլիգանության հոդվածով։
Հունվարի 31-ին ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով հուշարձանի մոտ տեղի ունեցած միջադեպը, նշել էր, որ դա Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։