ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով յոթ անձ է ձերբակալվել, այդ թվում՝ նախարարության պաշտոնատար աշխատակից, հայտնում է Քննչական կոմիտեն:
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից:
Դրա արդյունքում՝ մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 6 անձ:
Մյուս քրեական վարույթով պարզել են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձն ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են ծրագրով սահմանված չափորորշիչներին։
Արդյունքում՝ նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238.418.100 ՀՀ դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է:
Հայտնում են, որ նշված պաշտոնատար անձը ձերբակալվել է: Երկու քրեական վարույթներով ակտիվ նախաքննությունը շարունակվում է։
Հունվարի 31-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «պատահականություն» էր անվանել Հայաստանի ԱԱԾ ստուգումների համընկնումը վարչության պետի տեղակալ Անի Իսպիրյանի պաշտոնանկության հետ։
Էկոնոմիկայի նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին, որ հունվարի 31-ին ԱԱԾ-ն իրականացրել է քննչական գործողություններ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին աշխատանքից ազատել էր Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին։