ԶԼՄ-ներին հայտնի են դարձել, որ հունվարի 31-ին էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով ձերբակալված փոխնախարար Անի Իսպիրյանը համակարգել է գնումների գործընթացը, որտեղ էլ մեծ չարաշահումների, յուրացումների ու հակաօրինական գործարքների մասին նյութեր են ի հայտ եկել, գրում է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին
«Վարույթներից մեկը գնումների գործընթացին է վերաբերում։ Մյուսի մասով երկու վարկած կա․ մեկը վերաբերում է գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը, մյուսը՝ ԱՆԻՖ-ին, որտեղ շաբաթներ առաջ փոխնախարարը նշանակվել էր տնօրենների խորհրդի նախագահ՝ փոխարինելով Դավիթ Փափազյանը»,- հայտնում է թերթը։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին նախարարության մոտ 30-40 աշխատակից է բերման ենթարկվել։
«Նրանք ի պաշտոնե առնչվել են գնումների գործընթացին։ Բերման են ենթարկվել բաժնի գրեթե բոլոր աշխատակիցները, որոնց մեծ մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողել։ Բերման ենթարկվածների թվում է եղել նաև Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը»,- հավելել է թերթը։
Հունվարի 31-ին ԱԱԾ-ն Էկոնոմիկայի նախարարությունում իրականացրել էր քննչական գործողություններ և բերման էր ենթարկել փոխնախարար Անի Իսպիրյանին: ՔԿ-ն հայտնել էր, որ նախարարությունում չարաշահումների գործով 7 անձի են ձերբակալել։ ԶԼՄ-ները գրել էին, որ գործով իրավապահները ձերբակալել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կնոջը՝ Անի Գևորգյանին։