Կրեմլը հույս է հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը ՄՔԴ-ին չի ազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա, դա, ընդհանուր առմամբ, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց մյուս կողմից՝ մեզ համար կարևոր է, որ նման որոշումները չազդեն ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո մեր երկկողմ հարաբերությունների վրա, որոնք Մոսկվան բարձր է գնահատում և հույս ունի հետագայում էլ զարգացնել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՄՔԴ-ին՝ Հայաստանի անդամակցությունը մեկնաբանելու խնդրանքին։
Ավելի վաղ ՄՔԴ-ն հայտնել էր, որ Հայաստանը կմիանա կառույցին 2024 թվականի փետրվարի 1-ին։
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտը, որը Հայաստանն ստորագրել էր դեռևս 1998 թվականին։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը հոկտեմբերի 14-ին ստորագրել էր կանոնադրությունը վավերացնող օրենքը։
Ավելի վաղ դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում էր կայացրել։ ՌԴ խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ոչ բարեկամական քայլ» էր անվանել Ռուսաստանի նախագահի նկատմամբ։ Հոկտեմբերի 3-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան Երևանի այս քայլը համարում է ոչ ճիշտ որոշում երկկողմ հարաբերությունների համար։